17 հոկտեմբերի 2017 - 15:23 AMT
Ռուս ռազմական փորձագետ. Ադրբեջանի հատուկջոկատայինները ձախողվեցին Արցախում

Ռուսաստանում հրատարակվող «Վոեննո-պոլիտիչեսկի կուրյեր» շաբաթաթերթը հիշեցրել է ադրբեջանցի զինվորականների անհաջող գործողությունների մասին Լեռնային Ղարաբաղում՝ խոսելով ամերիկացի հատուկջոկատայինների մասնակցության մասին Սիրիայում ընթացող կռիվներին:

Ռազմական փորձագետ Պավել Իվանովը որպես օրինակ բերել է Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերի գիշերային գրոհը Լեռնային Ղարաբաղում: «Գիշերային գրոհների ամենակրիտիկական պահը ռեզերվի մոտենալն է գրավված օբյեկտին: Ադրբեջանցի հատուկջոկատայիններն այն ժամանակ գրավեցին հայկական դիրքերը, սակայն ԼՂՀ ստորաբաժանումները թույլ չտվեցին ադրբեջանական հետևակին մոտենալ օբյեկտին: Արդյունքում հատուկ նշանակության ուժերը շրջափակման մեջ հայտնվեցին ու ստիպված էին կռիվներով դուրս գալ, ու դուրս եկան ոչ բոլորը»,-գրել է Իվանովը:

Նա հավելել է, որ Ղարաբաղում ադրբեջանական հատուկ նշանակության ուժերի մի քանի ամբողջությամբ ոչնչացված խմբերի կադրերը լայնորեն տարածվեցինբ սոցցանցերում:

Սպանված ադրբեջանցի հատուկջոկատայինների լուսանկարները հրապարակվեցին սոցցանցերում 2016-ի ապրիլին, երբ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն Արցախի դեմ լայնածավալ ռազմական գործողություններ սկսեցին և ձախողվեցին: