18 հոկտեմբերի 2017 - 10:26 AMT
Քոչարյան. Մամեդովի գրառումն ապացուցում է, թե ինչն է խոչընդոտում ԼՂ կարգավորմանը

Ադրբեջանի նախագահի օգնականի գրառումը հերթական ապացույցն է, թե ինչն է խոչընդոտում ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը: Այսպես է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն արձագանքել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Նովրուզ Մամեդովի գրառմանը:

Մամեդովն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, թե, իբր, ՀՀ նախագահը խախտել է բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունները: «Որոշվել էր, որ բացի համաձայնեցված դրույթներից այլ հայտարարություններ չեն արվի, բայց նա չի կատարել խոստումը», - գրել է նա:

«Մամեդովի քարանձավային մտածելակերպի արգասիք հանդիսացող գրառումները հերթական ապացույցն են, թե ինչն է խոչընդոտում ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը», - գրել է Քոչարյանը Twitter-ի միկրոբլոգում:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ժնևում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո հանդիպում է ունեցել նաև շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Իր խոսքում Սարգսյանը նաև ներկայացրել է Ադրբեջանի նախագահի հետ բանակցությունների արդյունքները: «Որևէ կոնկրետ պայմանավորվածություն, այսպես ասած, չունենք, խնդրի լուծման տարբերակների մասին: Բայց պայմանավորվել ենք, որպեսզի միջոցներ ձեռնարկենք լարվածությունն էլ ավելի թուլացնելու, որպեսզի առաջնագծում չունենանք զոհեր: Պետք է ասեմ` և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ ես դրանում խորապես շահագրգռված ենք», - նշել է նա: