18 հոկտեմբերի 2017 - 11:17 AMT
Սերսեայի դերակատարը «Գահերի խաղից» հայտարարել է Վայնշտեյնի ոտնձգությունների մասին

Դերասանուհի Լենա Հիդին, որը կատարում է Սերսեա Լանիստերի դերը «Գահերի խաղը» սերիալում, գրառում է կատարել Twitter-ում՝ պատմելով, թե ինչպես է հայտնի պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը 2 անգամ սեռական բնույթի ոտնձգություն արել նրա հանդեպ: Դա տեղի է ունեցել Վենետիկի կինոփառատոնում և Լոս Անջելեսի հյուրանոցներից մեկում:

Առաջին անգամ Վենետիկի կինոփառատոնում, երբ հյուրերը զբոսնում էին պարտեզում, Վայնշտեյնը հրավիրել է Լենային զբոսնելով գնալ մինչև գետը: Նա գրում է, որ գնացել է ոչ մի բան չկասկածելով, իսկ վերջինս հանկարծ կանգ է առել և անվայել առաջարկություն արել: Լենան այն ժամանակ մտածել է, որ դա գուցե ուղղակի անհաջող կատակ էր, գուցե Վայնշտեյնը գինովցած էր, և ուշադրություն չի դարձրել: Սակայն, ըստ դերասանուհու, այդ միջադեպից հետո, նա դեր չի ստացել Վայնշտեյնի ստուդիայի ֆիլմերից և ոչ մեկում: Հիդին, սակայն, չի հստակեցրել՝ դա հանգամանքների բերումով էր թե դիտավորություն:

Երկրորդ միջադեպն ավելի ուշ տեղի ունեցավ: Հիդին գրել է, որ դա կատարվել է Լոս Անջելեսի հյուրանոցներից մեկում: Երկրորդ անգամ մերժվելով՝ Վայնշտեյնը տաքսի է կանչել Լենայի համար, նստեցրել և շշնջացել ականջին. «Չհամարձակվես որևէ մեկին պատմել»:

Ավելի վաղ Վայնշտեյնի ոտնձգությունների մասին էին հայտարարել Անջելինա Ջոլին և Գվինետ Փելթրոուն: Նրա անվան շուրջ առաջացած սեքսուալ սկանդալի պատճառով Վայնշտեյնին կարող է հեռացնեն Ամերիկայի պրոդյուսերների գիլդիայից: