18 հոկտեմբերի 2017 - 12:32 AMT
Նոր էլեկտրագնացքն արդեն Հայաստանում է

Հայաստան է բերվել ամբողջովին նոր, բարձրակարգ էլեկտրագնացք: Ռուսաստանից Հայաստան բերված նոր, ժամանակակից ու բարձրակարգ էլեկտրագնացքի տեխնիկական հնարավորություններին ծանոթանալու համար ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հոկտեմբերի 17-ին այցելել էր Երևանի լոկոմոտիվային դեպո:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն նախարարին ներկայացրել է էլեկտրագնացքի հնարավորությունները:

Էլեկտրագնացքը հարմարավետ է բոլորի, այդ թվում՝ հենաշարժական խնդիրներ ունեցող ուղևորների համար։ Այն կահավորված է վերելակներով: Սայլակներով տեղաշարժվող ուղևորները դրանց օգնությամբ կարող են բարձրանալ և իջնել վագոններից։

Երկու վագոնից կազմված էլեկտրագնացքը ունի 129 նստատեղ, կահավորված է հարմարավետ աթոռներով։ Ունի օդափոխման, մանրէազերծման, հակահրդեհային համակարգեր, վթարային ելքի պատուհաններ, տեղեկատվություն ներկայացնող էկրաններ։

Էլեկտրագնացքն առայժմ գտնվում է թեստային փորձարկման փուլում։ Որոշակի ժամանակահատվածում կստուգվի գնացքի տեխնիկական վիճակը, կփորձարկվի, թե ինչքանով է այն հարմար Հայաստանի ռելիեֆային պայմաններին, երկաթուղային ճանապարհներին, ինչպես նաև ենթակառուցվածքների տեխնիկական հնարավորություններին։

Վերապատրաստում կանցնեն նաև մեքենավարները: Փորձարկումից հետո կորոշվի, թե որքան նստատեղով և վագոններով էլեկտրագնացք է անհարժեշտ Հայաստանի Հանրապետության համար: Նախատեսվում է 2018թ. սկզբին շահագործման հանձնել նմանատիպ էլեկտրական շարժակազմ, ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:

Բարձրակարգ էլեկտրագնացքը Հայաստան է բերվել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և «Ռուսական երկաթուղիներ» ԲԲ ընկերության ղեկավարության միջև տեղի ունեցած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն: