23 հոկտեմբերի 2017 - 17:11 AMT
Միքայել Շարաֆյանը «Լավագույն դերասան» է ճանաչվել Գլենդեյլի կինոփառատոնում

Ամերիկաբնակ հայազգի դերասան և բեմական հագուստի նկարիչ Միքայել Շարաֆյանը «Լավագույն դերասան» է ճանաչվել Գլենդեյլի միջազգային կինոփառատոնում: Այդ մասին դերասանը գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Երբեք չէի մտածի, որ երբևէ կարող եմ «Լավագույն դերասան» ճանաչվել «Հարսնացուն Վեգասից» ֆիլմում գլխավոր դերակատարման համար», -գրել է Շարաֆյանը:

Նա հատուկ երախտագիտություն է հայտնել Գլենդեյլի փառատոնի նախագահ Վելվեթ Ռոդսին, ինչպես նաև Կալիֆորնիայի վեհաժողովի անդամ Լաուրա Ֆրիդմանին:

«Սա իրոք պատմական քայլ է իմ կյանքում և կարիերայում: Դերասանությունն իմ մասնագիտությունը չէ, բայց ես դա անվանում եմ «հագուստի դիզայների մեթոդ»: Հիմա ես գիտեմ, թե ինչ է նշանակում դերասան լինել և ինչի միջով են նրանք անցնում»,-ասել է Շարաֆյանը:

Գլենդեյլի միջազգային կինոփառատոնն անցնում է հոկտեմբերի 13-22-ը: