18 փետրվարի 2008 - 17:33 AMT
Իսպանիան, Վրաստանն ու Ինդոնեզիան դեռեւս չեն պատրաստվում ճանաչել Կոսովոյի անկախությունը
Իսպանիան հայտարարել է, որ չի ճանաչի Սերբիայից Կոսովոյի անկախությունը: «Իսպանիայի կառավարությունը չի ճանաչում Կոսովոյի խորհրդարանի երեկվա միակողմանի ակտն անկախության հռչակման մասին: Մենք չենք ճանաչի Կոսովոյի անկախությունը, քանի որ կարծում ենք, որ դա կնշանակի չհարգել միջազգային օրենսդրությունը»,-հայտարարել է Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսը: Նա նաեւ հավելել է, որ նման որոշման օրինականության համար պահանջվում է կողմերի համաձայնությունը կամ ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւը:

Այն երկրների թվին, որոնք չեն պատրաստվում ճանաչել Կոսովոյի անկախությունը, դասվում է նաեւ Վրաստանը: Այդ մասին հայտարարել է Վրաստանի արտաքին կապերի խորհրդարանական կոմիտեի նախագահ Կոնստանտին Գաբաշվիլին: «Մեզ հետաքրքրում է, թե ինչ է լինելու մեր տարածքների հետ»,-ասել է Գաբաշվիլին: «Մենք կսպասենք եւ կտեսնենք, թե ինչ կձեռնարկի Ռուսաստանը Աբխազիայում եւ Հարավային Օսեթիայում»,-հավելել է նա: Ինդոնեզիան եւս հայտարարել է թե չի ճանաչում Կոսովոյի միակողմանի հռչակված անկախությունը: «Ինդոնեզիայի կառավարությունը ուշադիր կհետեւի Կոսովոյում իրադարձությունների զարգացմանը, սակայն, այն դեռեւս պատրաստ չէ...»,-հաղորդում է «Ռոյթերսը»: