10 նոյեմբերի 2017 - 13:32 AMT
Բաբլոյան. Արցախի ժողովուրդն ինքն է իր ճակատագրի տնօրինողը

Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է, մինչդեռ Արցախի ժողովուրդն ինքն է իր ճակատագրի տնօրինողը: Այդ մասին հայտարարել է ՀՀ ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը Հայաստանի և Արցախի Հանրապետությունների Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 12-րդ նիստի ժամանակ:

Նա նշել է, որ որևէ ատյան չի կարող ընդունել Արցախի դիրքորոշմանը հակասող որոշում:

«Արցախի գոյությունն ու կարգավիճակը Ադրբեջանի կազմում որևէ տարբերակով անհնարին և անընդունելի է: Բանակցություններում առաջընթաց գրանցելու համար Ադրբեջանը պետք է հրաժարվի Արցախն անգամ տեսականորեն իր կազմում պատկերացնելու մտքից», - ընդգծել է Արա Բաբլոյանը:

Խոսելով երկու երկրներում տեղի ուենցած սահմանադրական հանրաքվեից՝ Արա Բաբլոյանը նշել է, որ դրանք անհրաժեշտ են պետության առավել արդյունավետ կառավարման, ինչպես նաև ժողովրդավարության մակարդակի բարձրացման համար:

«Հանրաքվեի արդյունքում Արցախում և Հայաստանում ընդունվել է զարգացման այն ճանապարհը, որը լավագույնս է համապատասխան երկրի ներքին և արտաքին առանձնահատկություններին: Հայկական երկու պետությունների գոյությունը մեր ժողովրդի հարստությունն է, և մենք պարտավոր ենք համատեղ ջանքերով և գործողություններով պաշտպանել ու զարգացնել այն»,-ասել է նա, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը: