13 նոյեմբերի 2017 - 11:32 AMT
Ազնավուր. Անում եմ ամենը, ինչ արգելված է

Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրը ռուսական Առաջին ալիքի «Բարի լույս» ծրագրում պատմել է իր մանկության, ընտանեկան երջանկության մասին և հրավիրել համերգի:

Շանսոնյեն հիշել է, որ ծնողները ռուսերեն էին խոսում, երբ չին ցանկանում, որ երեխաները հասկանան: Ազնավուրը պատմել է, որ Փարիզում ծնողները «Կովկաս» ռեստորան ունեին, որտեղ նաև ռուսական բորշչ էին մատուցում: «Ես շատ խիստ քննադատ եմ՝ եթե բորշչն իմ ճաշակով չէ, ինչպիսին պապիկս էր պատրաստում, ուրեմն խոհարարի մոտ այն չի ստացվել»:

Ազնավուրը նշել է, որ քիչ է ուտում, չի խմում և չի ծխում, սակայն իր սննդակարգում և շաքար կա, և աղ, և յուղոտ ուտեստներ: «Այն ամենն, ինչ արգելված է, ես անում եմ»,-ասել է նա:

Ազնավուրը նաև կիսվել է ընտանեկան երջանկության գաղտնիքով: «Արդեն 50 տարի է ես երջանիկ եմ կնոջս հետ, վստահ եմ, որ լավ է, երբ կինն ու ամուսինը տարբեր են: «Ես էներգիա եմ, կինս հանգիստ է: Երբ ես դուրս եմ գալիս հավասարակշռությունից, կինս կարողանում է ինձ հանգստացնել»,-ասել է նա:

Վերջում երգիչը հրավիրել է բոլորին 2018-ի գարնանը Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում կայանալիք համերգին: Ազնավուրի բարեգործական հիմնադրամի կայքում գրանցվողները համերգի 2 տոմս շահելու շանս կունենան և կկարողանան շփվել երգչի հետ կուլիսների ետևում:

Ազնավուրը հայտարարել է, որ արդեն պատրաստվում է ելույթին և հիշում ռուսական երգերը՝ ուրախացնելու համար իր երկրպագուներին Ռուսաստանում:

Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը մոտ հազար երգի հեղինակ է (մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ), այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։ 1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում։