ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Իրանի Քերմանշահ նահանգի Ազգալե բնակավայրի հարակից տարածքում հարյուրավոր զոհերի պատճառ դարձած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ:
Նոյեմբերի 12-ին, տեղական ժամանակով ժամը 22:18-ին (Գրինվիչի ժամանակով` 18:18-ին) Իրան-Իրաք սահմանին, օջախի 20 կմ խորությամբ, 7.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: 211 մարդ է զոհվել, մոտ 800 վիրավոր կա:
Հանրապետության նախագահը խորին վշտակցություն և զորակցություն է հայտնել Իրանի նախագահին և բարեկամ ժողովրդին՝ զոհվածների ընտանիքներին և հարազատներին մաղթելով համբերություն, ուժ և կորով, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:
Իրան-Իրաք սահմանին տեղի ունեցած ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 9-10 բալ: Երկրաշարժին հաջորդել է 4.5-ից 5.0 մագնիտուդով չորս հետցնցում: Երկաշարժը զգացվել է նաև Լիբանանում, Թուրքիայում և Հայաստանում:
Հայաստանում այն զգացվել է հարավային և կենտրոնական հատվածում՝ 3 բալ ուժգնությամբ: