13 նոյեմբերի 2017 - 17:37 AMT
Իրանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 328-ի. Մոտ 70.000 մարդ անօթևան է մնացել

Իրանի արևմուտքում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 328-ի: Այդ մասին հայտնել է Իրանի Քերմանշահ գավառի բուժծառայության վարչությունը: Վիրավորվել է ևս 4000 մարդ:

Նոյեմբերի 12-ին, տեղական ժամանակով ժամը 22:18-ին (Գրինվիչի ժամանակով` 18:18-ին) Իրան-Իրաք սահմանին, օջախի 20 կմ խորությամբ, 7.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Իրան-Իրաք սահմանին տեղի ունեցած ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 9-10 բալ: Երկրաշարժին հաջորդել է 4.5-ից 5.0 մագնիտուդով չորս հետցնցում: Երկաշարժը զգացվել է նաև Լիբանանում, Թուրքիայում և Հայաստանում:

Ըստ Կարմիր մահիկի տեղեկությունների, մոտ 70.000 մարդ անօթևան է մնացել: Նրանց համար վրանային ճամբարներ են կազմակերպում: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին կարգադրել է ապահովել տուժածներին բոլոր անհրաժեշտ պարագաներով, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստակամ է մասնակցելու փրկարարական աշխատանքներին:

Աղետի հետևանքով ավերածություններ կան նաև Իրաքում՝ մի քանի շենք է փլուզվել: Իրաքում 8 մարդ է զոհվել, տուժել է ավելի քան 400-ը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանըցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Իրանի Քերմանշահ նահանգի Ազգալե բնակավայրի հարակից տարածքում հարյուրավոր զոհերի պատճառ դարձած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ: