14 նոյեմբերի 2017 - 10:32 AMT
Իրանում սուգ է. Երկրաշարժի զոհերի թիվը հասել է 445-ի

Նոյեմբերի 14-ին Իրանում սուգ է հայտարարվել հզոր երկրաշարժում զոհվածների հիշատակին:

Ըստ վերջին տվյալների զոհերի թիվը հասել է 445-ի, մոտ 7100 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Քերմանշահ գավաքի ղեկավարի տեղակալ Մոհթաբ Նիքքերդարը հայտարարել է, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ փլատակների տակ դեռ մարդիկ կան:

Նոյեմբերի 12-ին, տեղական ժամանակով ժամը 22:18-ին (Գրինվիչի ժամանակով` 18:18-ին) Իրան-Իրաք սահմանին, օջախի 20 կմ խորությամբ, 7.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Իրան-Իրաք սահմանին տեղի ունեցած ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 9-10 բալ: Երկրաշարժին հաջորդել է 4.5-ից 5.0 մագնիտուդով չորս հետցնցում: Երկաշարժը զգացվել է նաև Լիբանանում, Թուրքիայում և Հայաստանում:

Իրանի և Իրաքի որոշ քաղաքներ զրկվել են էլեկտրականությունից, հազարավոր մարդիկ, վախենալով հետցնցումներից, լքել են տները և փողոցներում են գիշերում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ Կարմիր մահիկի տեղեկությունների, մոտ 70.000 մարդ անօթևան է մնացել: Նրանց համար վրանային ճամբարներ են կազմակերպում: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին կարգադրել է ապահովել տուժածներին բոլոր անհրաժեշտ պարագաներով:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստակամ է մասնակցելու փրկարարական աշխատանքներին:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Իրանի Քերմանշահ նահանգի Ազգալե բնակավայրի հարակից տարածքում հարյուրավոր զոհերի պատճառ դարձած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ:

Photo. AP/Felipe Dana