14 նոյեմբերի 2017 - 12:39 AMT
Իսրայելում քրգործ է հարուցվել Բաքվի խնդրանքով հայկական դիրքերին հարվածած ընկերության դեմ

Իսրայելում քրեական գործ է հարուցվել Aeronautics Defense Systems ընկերության դեմ՝ 2017-ի ամռանը Ադրբեջանի խնդրանքով հայկական դիրքերի վրա անօդաչու թռչող սարքի փորձարկման մեղադրանքով:

The Time of Israel կայքի փոխանցմամբ, գործը վարում է երկրի ոստիկանության միջազգային հանցագործությունների հետաքննությունների բաժինը:

Նշվում է նաև, որ չի հրապարակվելու «խոշոր պատվիրատուի անունը», որի հետ ընկերությունը փորձարկել է ԱԹՍ-ը: «Չնայած ընկերությունը հրաժարվում է նշել «խոշոր պատվիրատուի» անունը, ակնհայտ է, որ դա Ադրբեջանն է: Զենքի վաճառքի կասեցման որոշումը եղել է այն բանից հետո, երբ ադրբեջանցիների խնդրանքով ընկերությունը փորձարկել է Orbiter 1K մոդելի ԱԹՍ-ն հայկական դիրքերի վրա` Լեռնային Ղարաբաղում: Գեներալ Արմեն Գյոզալյանի փոխանցմամբ, հուլիսի 7-ին փորձարկման արդյունքում երկու հայ զինվոր էր վիրավորվել»,-գրում է կայքը:

Կայքի փոխանցմամբ, Aeronautics-ի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ ընկերությունը $20 մլն-ի պայմանագիր ունի «խոշոր պատվիրատուի» հետ: Ասվում է նաև, որ այժմ աշխատում են պաշտպանության նախարարության հետ՝ խնդրի հստակեցման շուրջ: «Aeronautics-ը նկատում է, որ նախարարության հետ խնդրո առարկան միայն «խոշոր պատվիրատուին», և ոչ մյուս արտասահմանցի գնորդներին, ԱԹՍ-ների վաճառքն է»,-գրում է կայքը:

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերին իսրայելական Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, պատասխանելով Իսրայելից ռազմական օգնության կամ ռազմական արտահանման մասին և երկու երկրների միջև թեմայի շուրջ ծագած խնդիրների վերաբերյալ հարցին, ասել էր, որ սպառազինության առևտուրը բանջարեղենի առևտուր չէ, և նմանատիպ առևտուրը միշտ իր սև կողմն ունի:

2016 թվականի ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանն Արցախի դեմ կիրառեց Իսրայելի կողմից վաճառած կամիկաձե դրոնները: Այդպիսի դրոններից մեկով խոցվեց հայ կամավորականների ջոկատ տեղափոխող ավտոբուսը, զոհվեց 7 մարդ: Հայաստանն իր բողոքն էր արտահայտել Իսրայելին` Ադրբեջանին զենք-զինամթերք վաճառելու փաստի առնչությամբ։

2017-ի ամռանը ընկերության պատվիրակությունը բանակցում էր Բաքվի հետ ԱԹՍ-ների մատակարարման հարցի շուրջ, երբ ադրբեջանական կողմը զինվորականներին խնդրել է ցուցադրել դրա հնարավորություններն իրական մարտական պայմաններում` հայերի դիրքերի վրա: ADS-ի պատվիրակության ղեկավարությունը համաձայնվել էր և պահանջել նույնը դրոնների հրահանգիչներից, սակայն վերջիններս հրաժարվել էին կատարել պահանջները: Իսրայելի ՊՆ-ն հետաքննություն էր սկսել՝ պարզելու, թե արդյոք անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) արտադրող ընկերությունն Ադրբեջանի խնդրանքով հայկական դիրքերի վրա անօդաչու սարք է փորձարկել։

2007 թվականին Իսրայելն ու Ադրբեջանը $1,6 մլրդ-ի զենքի մատակարարման պայմանագիր են կնքել: Բացի անօդաչուներից, Իսրայելը մատակարարում է Ադրբեջանին ռադարներ, հակատանկային հրթիռներ, ականանետեր, գիշերային տեսանելիության սարքեր, այլ ռազմական պարագաներ: