14 նոյեմբերի 2017 - 13:24 AMT
ՀՀ յուրաքանչյուր 4-րդ համակարգիչը գրոհելու փորձ է արվել

Հայաստանում համակարգիչների օգտատերերի գրեթե քառորդ մասը 2017թ. երրորդ եռամսյակի ընթացքում բախվել է համացանցում գրոհի ենթարկվելու վտանգին։ Այդ ցուցանիշով Հայաստանը չորրորդ տեղն է գրավել աշխարհի երկրների շարքում։ Այդ են վկայում «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության փորձագետների վերլուծության արդյունքները։

Դրանց համաձայն՝ Հայաստանում օգտատերերի 23,74%-ը համացանցում բախվել է վնասաբեր ծրագրերի (Malware) կողմից գրոհի ենթարկվելու փորձերին։

«Հայաստանում համացանցի սրընթաց տարածումը նոր մարտահրավերներ է բերում օգտատերերի համար։ Ներկայացված ցուցանիշը վերաբերում է հակավիրուսային ծրագրով պաշտպանված օգտատերերին։ Եթե հաշվի առնենք, որ Հայաստանում դեռևս պատշաճ տարածված չէ համացանցում անվտանգության կանոններին հետևելու մշակույթը, կարող ենք մեծ հավանականությամբ նշել, որ համացանցից եկող սպառնալիքներին ամեն օր ենթարկվող օգտատերերի թիվը շատ ավելի մեծ է»,- մեկնաբանել է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի լաբորատորիա»ի տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։

Համացանցից վնասաբեր ծրագրերով վարակման ռիսկը գնահատելու համար «Կասպերսկի լաբորատորիա»-ի փորձագետները յուրաքանչյուր երկրի համար հաշվել են ընկերության հակավիրուսային ծրագրերի այն օգտատերերի տոկոսը, որոնց մոտ 2017-ի հուլիս-սեպտեմբերին համացանցային հակավիրուսը վնասաբեր ծրագրի թափանցման վտանգի ազդանշան է տվել։ Ստացված տվյալներն այն միջավայրի ագրեսիվության ցուցանիշն են, որտեղ աշխատում են համակարգիչները տարբեր երկրներում։

Միջին հաշվով, աշխարհում համացանցի օգտատերերի համակարգիչների 16,61%-ը 2017-ի 3-րդ եռամսյակի ընթացքում առնվազն մեկ անգամ ենթարկվել է Malware դասի համացանցային գրոհի, ասվում է «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության Հայաստանի ներկայացուցչության հաղորդագրության մեջ: