14 նոյեմբերի 2017 - 16:46 AMT
Նալբանդյանը ՄԽ համանախագահների հետ քննարկել է ԼՂ կարգավորումը

Նոյեմբերի 14-ին աշխատանքային այցելությամբ Մոսկվայում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին և Էնդրյու Շոֆերին։ Հանդիպմանը ներկա էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման համար բարենպաստ պայմանների ստեղծման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի վերաբերյալ, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Զրուցակիցները քննարկել են Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում տեղի ունեցած գագաթնաժողովների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված քայլերը։

Քննարկվել է առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում կազմակերպելու հնարավորությունը։

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳ նախարր Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և իր հանդիպումը կարող է կայանալ նոյեմբերի 16-ին Մոսկվայում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ բանակցությունների շրջանակում: Մամեդյարովը նշել էր, որ հանդիպելու է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ նոյեմբերի 16-ին Մոսկվայում: