18 նոյեմբերի 2017 - 12:18 AMT
Աճուրդ՝ Երևանում. Կվաճառվեն Այվազովսկու, Գորկու, Սարյանի և այլոց գործերը

Դեկտեմբերի 2-ին Երևանի «Շեդևր» պատկերասրահում կանցկացվի հայ նկարիչների բացառիկ ստեղծագործությունների «Ընտրանի» աճուրդը:

Մասնակիցների ուշադրությանը կներկայացվի հայ դասականների, մոդեռնիստների և ժամանակակիցների 43 բացառիկ ստեղծագործություն, այդ թվում Հովհաննես Այվազովսկու, Արշիլ Գորկու, Մարտիրոս Սարյանի, Ժանսեմի, Երվանդ Քոչարի գործերից, ասվում է աճուրդի կազմակերպիչների ֆեյսբուքյան էջում:

Աճուրդը նախաձեռնել է AA Auction Հայաստանի աճուրդի տունը:

Աճուրդի դրված գործերը մասնավոր հավաքածուներից են, որոնցից շատերը երբեք չեն ցուցադրվել: Առաջին անգամ դրանք ներկայացվել են 2017-ի սեպտեմբերին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կազմակերպված «Ընտրանի» ցուցահանդեսին: Մինչ դեկտեմբերի 2-ը լոտերը կցուցադրվեն «Շեդևր» պատկերասրահում,

Հայաստանի բաժանման հետևանքով Արևմտյանի և Արևելյանի, ինչպես նաև 1915թ. Հայոց ցեղասպանության արդյունքում առաջացած ընդարձակ Սփյուռքի, հայ կերպարվեստի պատկերը հատվածային է: Այս առումով կարևոր է «Ընտրանի» աճուրդի ներկայացված հայ կերպարվեստի ընտրանու պատմաժամանակագրական և աշխարհագրական ընդգրկումը. այն ասես ամբողջացնում է վերջինիս պատկերն ընդհանուր գծերով: Այստեղ են ներկայացված հայ արվեստագետներ, որ ապրել և ստեղծագործել են և՛ Ռուսական կայսրությունում, և՛ խորհրդային Հայաստանում, և՛ Սփյուռքում (Եվրոպա և Ամերիկա), և՛ անկախ Հայաստանում, ասվում է :

Հայ կերպարվեստն իր ազգային առանձնահատկություններով, իր անցած պատմական վայրիվերումներով, անկումներով ու վերելքներով հանդերձ, համաեվրոպական գեղարվեստական ժառանգության անբաժանելի մասն է: «Ընտրանի» աճուրդով հայ կերպարվեստը կներկայացվի իր ողջ բազմազանությամբ, ինչը թույլ կտա հետևել 19-րդ դարի վերջից՝ 21-րդ դարի սկիզբ նրա հիմնական միտումներին ու փուլերին:

Աճուրդի մեկնարկը կլինի ժամը՝ 17:00-ին: