18 նոյեմբերի 2017 - 12:56 AMT
Աթաթուրքի և Էրդողանի նկարները՝ թիրախ ՆԱՏՕ-ի զորավարժություններում. Անկարան հետ է կանչել իր մասնակիցներին

Նորվեգիայում անցկացված ՆԱՏՕ-ի զորավարժություններում «պայմանական հակառակորդի» պատկերներով ստենդի վրա եղել են նաև Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի և Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկարները:

Զորավարժություններն անցել են Նորվեգիայում նոյեմբերի 1-18-ը:

Թուրքիան անհապաղ հետ է կանչել զորավարժություններից իր 40 մասնակից զինծառայողներին, հայտնում է ՌԻԱ Նովոստին NTV հեռուստաալիքի վրա հղումով:

ՆԱՏՕ-ի ղեկավարությունը և Նորվեգիայում համատեղ ռազմական կենտրոնի հրամանատարությունն արդեն ներողություն են խնդրել միջադեպի համար:

ՆԱՏՕ-ից հայտնել են, թե միջադեպը մեկ մարդու գործողությունների արդյունք է և չի արտաահյտում ՆԱՏՕ-ի դիրքորոշումը՝ այդ մարդը զինծառայող չի եղել, նա քաղաքացիական կապալառու է, որի հետ Նորվեգիան պայմանագիր էր կնքել: Նրան անհապաղ հեռացրել են զորավարժություններից, կարգապահական միջոցների մասին որոշումը կայացնելու է Նորվեգիան: