18 նոյեմբերի 2017 - 13:14 AMT
Փոլոդյան. ՌԴ-ում կատակում են, որ հայերն են առաջ տանում հոկեյի երիտասարդական հավաքականը

Ռուսաստանում հաճախ են կատակում, որ հայերն են առաջ տանում հոկեյի երիտասարդական հավաքականը: Դա հաստատել է նաև թիմի հայազգի անդամ Ալեքսեյ Փոլոդյանը: «Հավաքականում դա բավականին պահանջված թեմա էր: Տղաները շատ լավ էին կատակում այդ առիթով, այնպես որ մենք դեմ չէինք», -ասել է երիտասարդ հոկեիստը՝ հավելելով, որ հատկապես դա լավ է ստացվում Կազանից տաղանդավոր հումորիստ Վլադիսլավ Կարայի մոտ:

Փոլոդյանը նաև անդրադարձել է Կանադայի պատանեկան լիգաների հավաքականների հետ Սուպերմրցաշարին՝ պատմելով բարդ խաղի մասին: «Վերջին խաղից էմոցիաները միայն դրական են, չէ որ հաղթեցինք: Իհարկե, լավ կլիներ նաև սերիայում հաղթել, բայց բուլիտները միշտ բախտի բան են, այս անգամ տանուլ տվեցինք»,-ասել է Փոլոդյանը Ռուսաստանի հոկեյի ֆեդերացիային տված հարցազրույցում:

ՌԴ Հոկեյի երիտասարդական հավաքականի հայազգի հոկեիստներն ավելի վաղ օգնեցին հավաքականին փայլուն հաղթանակ տանել Կանադայի հանդեպ: Ռուսական լրատվամիջոցներից շատերը հոկեիստների Մանուկյան-Փոլոդյան դուետը «հայկական պոկեր» են անվանում: