18 նոյեմբերի 2017 - 13:51 AMT
Բնապահպանական իրավախախտումների համար տուգանքները կարող են կրկնապատկվել

Հայաստանի կառավարությունը մտադիր է կրկնապատկել բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագները:

Համաձայն «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագծի՝ անտառային ֆոնդի հողերն առանց թույլտվության օգտագործելու, ինքնակամ զավթելու և այստեղ շինարարություն իրականացնելու դեպքում քաղաքացիների համար նվազագույն աշխատավարձի նախկին հիսնապատիկից հարյուրապատիկի չափով տուգանքի փոխարեն, կսահմանվի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով տուգանք, պաշտոնատար անձանց նկատմամբ կկիրառվի հարյուրհիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով տուգանք:

Քաղաքացիների համար և պաշտոնատար անձանց համար տուգանքների չափը կկրնապատկվի նաև բնափայտի ապօրինի մթերման, ապօրինի ձեռք բերված անտառանյութը տեղափոխելու, անտառների վիճակի և վերարտադրության վրա բացասաբար անդրադարձող օբյեկտներ շահագործման հանձնելու, անտառը կենցաղային թափոններով, ռադիոակտիվ և քիմական նյութերով, կեղտաջրերով և այլ վնասակար արտադրական թափոններով աղտոտելու համար:

Նախագծով հրկիզման, կրակի հետ անփույթ վարվելու հետևանքով անտառներում ծառերը, թփերը, և մշակաբույսերը ոչնչացնելու կամ վնասելու համար քաղաքացիները կտուգանվեն նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձինք ՝ երկուհարյուրհիսնապատիկի չափով: