20 նոյեմբերի 2017 - 10:57 AMT
Լավրովը կհանդիպի ՀՀ նախագահին և ԱԳ նախարարին. Քննարկելու են ԼՂ հարցը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 20-ին պաշտոնական այցով կժամանի Երևան:

Երևանում Լավրովը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ՝ քննարկելով երկկողմ գործակցության լայն շրջանակ, համագործակցությունը ԵՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում, գործողությունների համակարգումը ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում: Կքննարկվեն նաև ղարաբաղյան կարգավորմանն առնչվող հարցեր:

Նոյեմբերի 19-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն արդեն հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ քննարկելով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր: Հանդիպման ժամանակ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն ցանկանում է որքան հնարավոր է շուտ կարգավորել ԼՂ հիմնախնդիրը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Լավրովը հանդիպում կունենա նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ:

ՌԴ ԱԳ նախարար Լավրովն ավելի վաղ ասել էր. «Օրակարգը կներառի երկկողմ հարաբերությունները, որոնք այդ երկրներից յուրաքանչյուրի հետ հագեցած են ու հարուստ: Կխոսենք տարածաշրջանային և միջազգային խնդիրների մասին, այդ թվում կաշխատենք հասկանալ, թե որտեղ ենք գտնվում ղարաբաղյան կարգավորման հարցում Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հոկտեմբերի 16-ին կայացած հանդիպումից հետո»: