20 նոյեմբերի 2017 - 11:39 AMT
Ֆրանսիայի ԱԳ նախկին նախարարը միանում է «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովին

«Բժիշկներ առանց սահմանների» (Médecins Sans Frontières) կազմակերպության համահիմնադիր, Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնար Քուշները միանում է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին, որն ընտրում է ամենամյա մրցանակի հավակնորդներին և դափնեկրին:

Հանձնաժողովի կազմում ընդգրկված են մարդասիրական և մարդու իրավունքների ոլորտների ակտիվիստներ, պետությունների նախկին ղեկավարներ. այն գլխավորում է օսկարակիր դերասան և ռեժիսոր, հումանիտար գործիչ Ջորջ Քլունին:

Քուշները նաև ղեկավարել է «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության բժշկական օգնության գործողությունները 1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո:

Հանրահայտ քաղաքական գործիչ և բժիշկ Բեռնար Քուշները ոչ միայն Խաղաղության Նոբելյան մրցանակի արժանացած «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիրն է (1971թ.), այլ նաև՝ «Աշխարհի բժիշկներ» (Médecins du Monde) կազմակերպության (1980թ.): 2007-2010թթ. նա զբաղեցրել է Ֆրանսիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարի պաշտոնը, իսկ ավելի վաղ եղել է Ֆրանսիայի առողջապահության նախարար: Նա կազմակերպել է մարդասիրական աջակցության գործողություններ Սոմալիում, Սալվադորում, Լիբանանում, Սիրիայում, Վիետնամում, Կամբոջայում, Թայլանդում, Ուրուգվայում, Պերուում, Գվատեմալայում, Հոնդուրասում, Չադում, Լիբիայում, Նիգերիայում և այլուր: Քուշները նաև ղեկավարել է «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության բժշկական օգնության գործողությունները 1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո:

«Շատ ուրախ ենք, որ Բեռնար Քուշները դառնում է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ: Նա ամբողջ կյանքի ընթացքում իր ժամանակն ու հմտությունները ծառայեցրել է արտակարգ իրավիճակներում հայտնված երկրներին աջակցելուն, Քուշների և նրա կազմակերպության շնորհիվ 1988թ. Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժած մարդիկ ստացան անհետաձգելի բուժօգնություն: Մենք երախտապարտ ենք նրա անգնահատելի ջանքերի համար և ուրախ ենք, որ իր փորձառությամբ նպաստելու է «Ավրորա» մրցանակի հավակնորդներին և դափնեկրին ընտրելու գործընթացին»,-ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

«Ինձ համար մեծ պատիվ է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին միանալը՝ դառնալով մի նախաձեռնության մաս, որը կարճ ժամանակամիջոցում արդեն մեծ ազդեցություն է գործել հազարավոր մարդկանց կյանքում, ես հնարավորություն եմ ունեցել ճանաչելու արտակարգ իրավիճակներում գործող բազմաթիվ հերոսների և այժմ անհամբեր եմ ընտրելու նվիրյալների՝ որպես «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ»,- նշել է Քուշները:

Քուշները միանում է «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի ներկայիս անդամներին, որոնց թվում են Նոբելյան դափնեկիրներ Օսկար Արյասը, Շիրին Էբադին և Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին, Միջազգային ճգնաժամային խմբի նախկին նախագահ և Ավստրալիայի արտաքին գործերի նախկին նախարար Գարեթ Էվանսը, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը, օսկարակիր դերասան և ռեժիսոր, հումանիտար գործիչ Ջորջ Քլունին:

«Ավրորա» մրցանակը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, շնորհվելու է երրորդ անգամ: 2018թ. «Ավրորա» մրցանակի համար կատարվել է 750 առաջադրում՝ 115 երկրից: 2017թ. դեկտեմբերի 4-ին Ընտրող հանձնաժողովը հանդիպում է Բեռլինում՝ ուսումնասիրելու առաջադրումները: Բեռլինում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը կկազմակերպի նաև Aurora Dialogues քննարկումների առաջին շարքը Հայաստանից դուրս: «Միլիոնավոր մարդիկ շարժման մեջ. զարգացման և ինտեգրացիայի կարիք» խորագրով Բեռլինի Aurora Dialogues-ը, որն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության, «Գլոբալ հեռանկարներ» նախաձեռնության, «Ռոբերտ Բոշ» հիմնադրամի և Mercator հիմնադրամի համատեղ ձեռնարկումն է, տեղի կունենա դեկտեմբեր 4-5-ը: Բանախոսները կանդրադառնան գլոբալ միգրացիոն ճգնաժամի ներկայիս վիճակին և կդիտարկեն տարբեր գործիչների դերը դրական փոփոխություններն առաջ մղելու գործում, ինչպես նաև կխոսեն զարգացման ծրագրերի և այն լուծումների մասին, որոնք կարող են փոփոխություն բերել:

2018թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդների անունները հայտնի կդառնան 2018թ. ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի օրը: Երրորդ ամենամյա մրցանակը կշնորհվի 2018թ. հունիսի 10-ին Հայաստանում կայանալիք հանդիսավոր արարողության ժամանակ: Մրցանակի դափնեկրին կշնորհվի 100 000 դոլարի պարգև և հնարավորություն՝ 1 միլիոն դոլարի դրամաշնորհը հատկացնելու իրեն ոգեշնչած կազմակերպություններին, ասվում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հաղորդագրության մեջ: