20 նոյեմբերի 2017 - 12:48 AMT
Հայկական ուսուցողական 3D մուլտֆիլմերի շարք է ստեղծվել

Հայկական «Դիջիստեպ» անիմացիոն ստուդիան զվարճալի ուսուցողական «Օբոլոտ» 3D մուլտֆիլմերի շարքն է ստեղծել նախադպրոցական տարիքի երեխաների համար:

Մուլտֆիլմի գլխավոր հերոսը խենթ, ընկերասեր, զվարճալի ռոբոտ Օբոլոտն է, որը Բոքսլենդ կոչվող գիտելիքների և անակնկալների աշխարհում մշտապես հետաքրքիր բացահայտումների փնտրտուքի մեջ է:

Անիվի տեսք և «մոնիտոր-աչքեր» ունեցող փոքրիկ ռոբոտը անիմացիոն շարքի յուրաքանչյուր սերիայում տարբեր առարկաներ է բացահայտում մանուկների համար՝ տիեզերանավ, ուղղաթիռ, հեծանիվ և այլն, ցույց տալիս դրանց կիրառության նպատակն ու նշանակությունը:

Շարքում ներդրվել են նաև հայկական տարրեր՝ ազգային երաժշտության, ճարտարապետության տեսքով: Այն նախատեսված է նաև արտասահմանյան լսարանի համար:

Անիմացիոն շարքի 5 րոպեանոց սերիաներն արդեն հասանելի են YouTube-յան ալիքում: