20 նոյեմբերի 2017 - 12:22 AMT
Շարմազանովը՝ բելառուս պաշտոնակցին. Հայոց ցեղասպանությունը չդատապարտելը ծնեց ֆաշիզմը

Առանց անցյալի ճանաչման և Հայոց ցեղասպանության դատապարտման հնարավոր չէ կանխարգելել նոր ցեղասպանությունները՝ Հայոց ցեղասպանությունը չդատապարտելը ծնեց հիտլերյան ֆաշիզմը: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի և Բելառուսի Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովը Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Բոլեսլավ Պիրշտուկի հետ հանդիպմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը, միջազգային տարբեր հարթակներում համագործակցությանը, երկու երկրների քաղաքական և տնտեսական կապերին առնչվող հարցեր:

Էդուարդ Շարմազանովը կարևորել է միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ակտիվ աշխատանքը և դերակատարումը երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում: ՀՀ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է ՀԱՊԿ ԽՎ-ում և ԱՊՀ ՄԽՎ-ում երկու երկրների խորհրդարանականների սերտ համագործակցության կարևորությանը: Նրա գնահատմամբ՝ միջխորհրդարանական հանձնաժողովը պետք է առավել ակտիվ ու հետևողական լինի երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկումը միջազգային հարթակներում համակարգելու հարցում: Այս համատեքստում ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ հաջորդ տարի լրանում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելումասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակը և այդ առնչությամբ կներկայացվեն ցեղասպանություն երևույթը դատապարտող մի շարք նախաձեռնություններ:

«Առանց անցյալի ճանաչման և Հայոց ցեղասպանության դատապարտման հնարավոր չէ կանխարգելել նոր ցեղասպանությունները: Մենք պետք է դատապարտենք ցեղասպանական քաղաքականության, ֆաշիզմի ու նացիզմի ցանկացած դրսևորում: Հայոց ցեղասպանությունը չդատապարտելը ծնեց հիտլերյան ֆաշիզմը»,-ընդգծել էԷդուարդ Շարմազանովը, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը:

Քննարկվել են նաև միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքների արդյունավետ իրականացմանն առնչվող հարցեր: