20 նոյեմբերի 2017 - 13:47 AMT
Լավրով. ՌԴ-ն ուրախ կլինի տեսնել Ադրբեջանին ԵՏՄ-ում

Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ) բաց ինտեգրացիոն միություն է և Ռուսաստանն ուրախ կլինի տեսնել Ադրբեջանին այդ կառույցում: Այսպիսի հայտարարություն է արել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում՝ Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայի ուսանողադասախոսական կազմի հետ հանդիպմանը:

«Մենք ոչ ոքի չենք պարտադրում անդամակցել ԵՏՄ-ին: Հիմա քննարկվում է Տաջիկստանի անդամակցումը կազմակերպությանը: Մենք դիմումներ ենք ստանում նաև այլ երկրներից, որոնք ԱՊՀ անդամ չեն: Մենք շատ ուրախ կլինենք տեսել Ադրբեջանին այդ կառույցում»,-ասել է Լավրովը, հայտնում է ԱՊԱ Գործակալությունը:

ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ՀՀ-ն դեմ է Ադրբեջանի անդամակցությանը ԵՏՄ-ին նույնիսկ դիտորդի կարգավիճակով: «Նույնիսկ դիտորդ դառնալու համար կա պայմանագրի դրույթ, համաձայն որի՝ չի կարող դիտորդ դառնալ այն պետությունը, որը քայլ է ձեռնարկում ի վնաս որևէ անդամ պետության և ամբողջ կառույցի», - նշել էր նա:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 20-ին պաշտոնական այցով կժամանի Երևան: Երևանում Լավրովը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանիհետ՝ քննարկելով երկկողմ գործակցության լայն շրջանակ, համագործակցությունը ԵՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում, գործողությունների համակարգումը ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում: Կքննարկվեն նաև ղարաբաղյան կարգավորմանն առնչվող հարցեր: Նոյեմբերի 19-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն արդեն հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ քննարկելով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր: