20 նոյեմբերի 2017 - 14:19 AMT
Լավրով. ԼՂ կարգավորման փաստաթղթերի փաթեթ կա՝ այս կամ այն տարրը հնարավոր չէ հանել

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված փաստաթղթերի փաթեթ է կազմված՝ այս կամ այն տարրը հնարավոր չէ հանել: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ավարտին կայացած մամուլի ասուլիսում:

«Բոլոր քայլերը բազմիցս քննարկվել են և արտացոլված են ԵԱՀԿ փաստաթղթերում, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարություւններում»,-ասել է Լավրովը, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

«Այս կամ այն տարրը հնարավոր չէ հանել: Հակառակ կողմը կարող է մտածել, որ բալանսը խախտվում է: Դիվանագիտությունը կգտնի երկու կողմի համար ընդունելի տարբերակը»,-ասել է Լավրովը:

Պատասխանելով ՄԽ համանախագահների քանակի հնարավոր ավելացման մասին հարցին՝ Լավրովն ասել է, թե առաջին անգամ է այդ մասին լսում:

«Կա հակամարտության կարգավորման համաձայնեցված ձևաչափ: Եռահամանախագահները մեկուսացած չեն աշխատում: Մինսկի խմբում կան շահագրգիռ կողմեր: ՄԽ համանախագահների քանակի ավելացման մասին ես առաջին անգամ եմ լսում: Նոր առաջարկները, կամա թե ակամա, կարող են խախտել գործընթացը»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 20-ին պաշտոնական այցով կժամանի Երևան:Երևանում Լավրովը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանիհետ՝ քննարկելով երկկողմ գործակցության լայն շրջանակ, համագործակցությունը ԵՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում, գործողությունների համակարգումը ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում: Կքննարկվեն նաև ղարաբաղյան կարգավորմանն առնչվող հարցեր: Նոյեմբերի 19-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն արդեն հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ քննարկելով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր: