20 նոյեմբերի 2017 - 15:47 AMT
«Զվեզդան» հանել է եթերից Նժդեհի և ՀՀԿ լոգոտիպի մասին իր հաղորդումը

ՌԴ ՊՆ ալիքը համարվող «Զվեզդա» հեռուստաալիքը Youtube-ում իր ալիքից հանել է «Կանխատեսումներ Վերոնիկա Կրաշեննիկովայի հետ» հաղորդումը ՀՀԿ լոգոտիպի մասին, որտեղ հաղորդավարը ֆաշիստ է անվանել հայ ռազմական և ազգային գործիչ Գարեգին Նժդեհին և համեմատել է ՀՀԿ-ականներին ֆաշիստների հետ:

Մինչդեռ հաղորդումը դեռևս հասանելի է Youtube-ի այլ ալիքներում:

Նոյեմբերի 19-ին ՌԴ ՊՆ ալիքը համարվող «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում «Կանխատեսումներ Վերոնիկա Կրաշեննիկովայի հետ» հաղորդման ժամանակ հաղորդավարը քննադատել է Երևանին ԵՄ հետ գործընկերության մասին համաձայնագիր ստորագրելու մտադրության համար՝ համեմատելով ՀՀ քաղաքականությունն Ուկրաինայի իշխանություննների քաղաքականության հետ: Հաղորդավարը նաև ֆաշիստ է անվանել հայ ռազմական և ազգային գործիչ Գարեգին Նժդեհին և համեմատել է ՀՀԿ-ականներին ֆաշիստների հետ:

«Նժդեհը հերոս է Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության համար վերջինիս ազգային պահպանողական գաղափարախոսությամբ»,-ասել է հաղորդավարը՝ ցուցադրելով ՀՀԿ լոգոտիպը և հավելելով, որ այն հիշեցնում է «երրորդ Ռայխի խորհրդանիշները»: Նա մտավախություն է հայտնել, որ ՀՀ իշխող շրջանակների ներկայացուցիչները կարող են «Հայաստանը տանել Ուկրաինայի ճանապարհով»: