20 նոյեմբերի 2017 - 16:19 AMT
Ադրբեջանում մոտ 160 քաղբանտարկյալ կա. Ցուցակը համալրվել է նոր անուններով

Քաղբանտարկյալների պաշտպանության կենտրոնի հերթական նիստում քննարկվել է մարդու իրավունքների ոլորտում ստեղծված իրավիճակն Ադրբեջանում՝ քաղբանտարկյալների քանակը, դատավարությունները, կալանավայրերում խոշտանգումների մասին փաստերը:

Քննարկումների հիմնական թեման եղել է քաղաքական դրդապատճառներով շարունակվող ձերբակալությունները, ինչպես նաև քաղբանտարկյալների ցուցակի թարմացումը: Հաշվի առնելով փոփոխությունները՝ քաղբանտարկյալների թիվն Ադրբեջանում հասել է 159-ի, գրում է Contact.az-ը:

Քննարկումների արդյունքում որոշվել է հանել քաղբանտարկյալների ցուցակից 2012-ին ձերբակալված Սուրաջ Վալեխ օղլի Աղաևին՝ ազատ արձակվելու պատճառով: Միևնույն ժամանակ ցուցակը համալրվել է նոր անուններով, որոնց թվում են Մահմեդական միասնություն շարժման ակտիվիստ Ահսան Նուրուզադեն, «Ազադլիգ» թերթի թղթակից Զիա Ասադլին, լրագրող Մահբուբ Զուլֆուգարլին և այլոք:

Նիստի մասնակիցներն անդրադարձել են նաև Ադրբեջանում 10 կայքի արգելափակմանը, հավաքների ազատության սահմանափակմանը, քաղբանտարկյալներին պաշտպանող փաստաբանների հեռացմանը Փաստաբանների կոլեգիայից, ինչպես նաև ճնշումներին քաղաքական էմիգրանտների ընտանիքների անդամների հանդեպ: