25 նոյեմբերի 2017 - 16:36 AMT
Թուրքական պարբերական. Մոռացված հայկական մայրաքաղաք Անին կանգնած է միայնության մեջ

1920-ից ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Անի քաղաքի վսեմության և միայնության, հնադարյան եկեղեցիների և ճարտարապետական այլ արժեքների մասին ծավալուն անդրադարձ է կատարել թուրքական Daily Sabah պարբերականը:

«Մոռացված հայկական մայրաքաղաք Անին կանգնած է միայնության մեջ: Ճանապարհորդները այն բացահայտելու համար պետք է ինքնաթիռով գան Կարս, իսկ հետո ցամաքային ճանապարհով պետք է ուղևորվեն դեպի Օջաքլը գյուղ, որը մոտ է Հայաստանի սահմանին, այնուհետև ոտքով պետք է բարձրանան բլուրը, որի վրա տեկայված է քաղաքը», - գրում է թուրքական պարբերականը՝ հավելելով, որ քաղաքն իր ճարտարապետությամբ կարող է մրցել Բյուզանդիայի Կոստանդնուպոլիսի հետ:

«200.000 բնակիչ ունեցող քաղաքն ավելի մեծ էր, քան Լոնդոնն ու Փարիզը ժամանակին: Այն ուներ հսկայական ամրոց, պաշտպանական պարիսպներ, հազարավոր եկեղեցիներ, 40 դարպաս և ծաղկուն տնտեսություն: Այս բոլորը այսօր լքված ավերակներ են», - գրում է պարբերականը և երզրափակում, որ քաղաքը կանգուն մնացած դեռ շատ արժանիքներ ունի:

Պատմագիտական գրականությունից հայտնի է, որ Աշոտ Գ Բագրատունին Անին մայրաքաղաք հռչակեց 961 թվականին` Կարսից այնտեղ փոխադրելով թագավորական գահը: Անին նաև համաշխարհային քաղաքակրթական ժառանգության կարևոր հուշարձաններից է: Այն անվանում էին 1000 ու 1 եկեղեցիների քաղաք: Այնտեղ են գտնվում պատմական կարևոր նշանակություն ունեցող հուշարձանները` Անիի Մայր տաճարը, Գագկաշենը, Հովվի, Ամենափրկիչ և այլ եկեղեցիները: