2 դեկտեմբերի 2017 - 14:38 AMT
ՀՀ-ն ՄԻԱՎ վարակակիրների թվով ցածր հորիզոնական է զբաղեցնում եվրասիական տարածաշրջանում

2016-ին Հայաստանում յուրաքանչյուր 100.000-ից 10,1-ը ՄԻԱՎ վարակակիր է եղել: Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի 2017-ին հրապարակած զեկույցի համաձայն՝ երկիրը 10-րդ տեղն է զբաղեցնում եվրասիական տարածաշրջանում ՄԻԱՎ վարակակիրների թվով:

Առաջին տեղում Ռուսաստանն է. 2016-ին այս երկրում ՄԻԱՎ վարակակիր է եղել յուրաքանչյուր 100.000-ից 60,6-ը: Երկրորդում Ուկրաինան է, երրորդում՝ Բելառուսը, չորրորդում՝ Մոլդովան, հինգերորդում Վրաստանը: Ամենացածր ցուցանիշը գրանցվել է Ադրբեջանում՝ յուրաքանչյուր 100.000-ում վարակակիր է 5,7-ը:

Հետազոտության մեջ բացակայում է Ուզբեկստանին և Թուրքմենստանին վերաբերվող վիճակագրությունը:

ՀՀ առողջապահության նախարարության հետազոտության համաձայն ՝ Հայաստանում 2016 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ ՄԻԱՎ վարակի 2482 դեպք է գրանցվել, որից 45-ը 15 տարեկանից փոքր երեխաների մոտ: ՁԻԱՀ-ով հիվանդ մարդկանց թիվը նախորդ տարվա դեկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 1309, որից 25-ը 15 տարեկանից փոքր երեխաներ են:

Գրանցված մահվան դեպքերի թիվը կազմել է 558, որից 8-ը 15 տարեկանից փոքր երեխաներ են: