7 դեկտեմբերի 2017 - 10:43 AMT
Վիեննայում ՀՀ ու Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպել են

Դեկտեմբերի 6-ին Վիեննայում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի հետ։ Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:

Հանդիպումը մեկնարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ներկայությամբ, ապա շարունակվել առանձնազրույցի ձևաչափով։

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման օրակարգում էին երկու երկրների ղեկավարների Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ուղիները։

Համանախագահների առաջարկությամբ համաձայնություն է ձեռք բերվել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև առաջիկա հանդիպումը 2018-ի տարեսկզբին կազմակերպելու վերաբերյալ։ Հանդիպմանը քննարկվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան հաջորդ այցելության ժամկետները։

Ավելի վաղ Նալբանդյանը հանդիպել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին և Էնդրյու Շոֆերին։ Հանդիպմանը ներկա է եղել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։ Քննարկվել էին Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում տեղի ունեցած գագաթաժողովների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված քայլերը։