11 դեկտեմբերի 2017 - 16:59 AMT
Nokia-ին ՀՀ-ում գիտահետազոտական լաբորատորիա հիմնելու առաջարկ է արվել

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Nokia-ի Եվրոպայի, Միջին Արևելքի և Աֆրիկայի հետ հարաբերությունների կառավարման ղեկավար Օլաֆ Շուլցի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանն առաջարկել է ընկերությանը Հայաստանում գիտահետազոտական (R&D) լաբորատորիա ստեղծել: Այս մասին հայտնում է նախարարության լրատվական ծառայությունը:

Վահան Մարտիրոսյանը հույս է հայտնել, որ առաջիկայում ընկերության ներկայացվածությունը Հայաստանում կլինի ոչ միայն հեռահաղորդակցության, այլև թվային ենթակառուցվածքների ոլորտում։ Նախարարը նաև ցանկություն է հայտնել, որ ընկերությունը մասնակցի Հայաստանում 5G ծածկույթ ներդնելու ծրագրին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ տրանսպորտային թվային համակարգ ներդնելու Nokia-ի փորձը։

Մարտիրոսյանին ներկայացվել են Հայաստանում ընկերության հեռանկարային գործունեության շրջանակները և այն ծրագրերը, որոնց ուղղությամբ աշխատանքներ են ընթանում։