15 դեկտեմբերի 2017 - 10:32 AMT
ՀՀ նախագահ. Առաջիկայում կբացառվեն ոչ միայն դիվերսիաները, այլև հակառակորդի այլ գործողությունները

Հակառակորդի կողմից դիվերսիաների հնարավորությունը նվազագույնի հասցնելը կապված է շփման գծում սարքավորումների տեղադրման հետ: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Արմենիա»հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Ես կիսում եմ այն կարծիքը, որ դիվերսիաների հնարավորության մինիմալիզացումը, կապված է այն սարքավորումների տեղադրման հետ, որ հիմա կան շփման գծում: Եթե հիշում եք, սարքավորումները տեղադրելուց հետո, դիվերսիոն ներթափանցման 2-3 փորձ եղան, այդ փորձերը ձախողվեցին մեծ կորուստներով: Արդյունքը եղավ այն, որ հիմա, իրոք, դիվերսիաներ իրականացնելու հնարավորությունը նվազել է», - ասել է ՀՀ նախագահը: Նախագահը հավաստիացրել է, որ առաջիկայում կբացառվեն ոչ միայն դիվերսիաները, այլ նաև հակառակորդի այլ բնույթի գործողությունները:

«Պաշտպանական բանակ՝ հենց անվանման մեջ է մեր խնդիրը, այսինքն՝ մեր արևելյան սահմանների և ԼՂՀ սահմանների պաշտպանությունն արդյունավետ իրականացնել: Մենք ունենք կոնկրետ ծրագրեր, որոնք կբացառեն այլ գործողություններ ևս: Երբ ասում էինք՝ ծրագիր ունենք, դիվերսիաները կբացառվեն, շատերը կասկածում էին: Հիմա ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ տեսանելի ապագայում կբացառվեն այլ գործողություններ ևս»,- ասել է նախագահը:

Անդրադառնալով ԼՂ կարգավորման շուրջ բանակցություններին՝ նախագահն ասել է. «Վերջին երկու տարվա ընթացքում մենք հանդիպումներ ենք ունեցել Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում, ունեցել ենք պայմանավորվածություններ, և հիմա, այսպես ասած, պրոցեսը գնում է երկու ուղղությամբ: Առաջինն այն է, որ պետք է լարվածությունը թուլացնել, հետաքննության մեխանիզմներ ստեղծել, որը կնպաստի փոխվստահության մթնոլորտի ձևավորմանը, որից հետո միայն հնարավոր կլինի ավելի խորանալ փաստաթղթի դրույթների շուրջ»։

Սերժ Սարգսյանը հավելել է, որ հնարավոր չէ մի ձեռքով բանակցել, մյուսով՝ կրակել, բանակցությունները կրակոցներ չեն սիրում:

«Այս մարդաորսը, որը կա այսօր շփման գծում, պետք է բացառվի: Դա կստեղծի որոշակի մթոնոլորտ ու փոխվստահություն», - ասել է Սերժ Սարգսյանը:

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 24-րդ հանդիպմանը անդրադարձել էր այն հարցին, թե ինչու մինչ օրս հնարավոր չի եղել առաջընթաց արձանագրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ բանակցային գործընթացում: Նա նշել է, որ հակամարտության կարգավորումը պետք է հարգի Արցախի ժողովրդի բոլոր անքակտելի իրավունքները և պետք է երաշխավորի դրանց անխափան իրագործումը՝ ներկայացնելով ԼՂ հակամարտության չկարգավորման 9 պատճառ: