15 դեկտեմբերի 2017 - 11:16 AMT
Նախագահը՝ իր քաղ.կարիերան շարունակելու մասին. Որոշմանս մասին հայտնելու ժամանակը դեռ չի եկել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, անդրադառնալով 2018-ին քաղաքական գործունեությունը շարունակելու վերաբերյալ հարցին, ասել է որ իր որոշման մասին հայտարարելու ժանանակը դեռ չի եկել:

Նախագահը նշել է, որ իր որոշումը պայմանավորված է լինելու տարբեր գործոններով:

«Կարծում եմ՝ մենք, վերջ ի վերջո, իրավունք ունենք որոշելու, նկատի ունեմ Հանրապետական կուսակցությունը կոալիցիոն գործընկերոջ հետ միասին, թե ով որտեղ ավելի արդյունավետ կարող է աշխատել»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, թե ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մի քանի անգամ հայտարարել է, որ պատրաստ է 2018-ին զբաղեցնել վարչապետի պաշտոնը՝ Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ կուսակցությունը և ինքը Կարեն Կարապետյանին համարում են որպես վարչապետ և որպես մարդ ընդունելի անձնավորություն է։

«Կգա ժամանակը, մենք շատ հանգիստ կհայտարարենք մեր որոշումների մասին»,- ասել է նախագահ Սարգսյանը։

Անդրադառնալով դիտարկմանը, թե ինքը նման չէ պաշտոնյայի, ով պատրաստ է եզրափակել քաղաքական կարիերան, Սարգսյանը պատասխանել է, որ պետք է մինչև վերջին պահը բարեխղճորեն կատարել ստանձնած պարտավորությունները։

«Պատրաստ եմ մինչև վերջին վայրկյանը կատարել իմ պարտականությունները։ Դրանից հետո կտեսնենք, թե ինչ կլինի՝ որքանով կարող եմ օգտակար լինել և ինչ ոլորտում օգտակար լինել։ Ես սա ասում եմ անկեղծ», - ասել է Սարգսյանը:

Հարցին՝ շարունակելո՞ւ է մնալ քաղաքականության մեջ, նախագահը պատասխանել է՝տեսնենք: