15 դեկտեմբերի 2017 - 12:18 AMT
Շարմազանով.Անընդունելի է, երբ Լատվիան ԵՄ դիրքորոշմանը հակասող հայտարարություններ է անում

Անընդունելի է, երբ Լատվիան անում է հայտարարություններ, որոնք հակասում են ԵՄ պաշտոնական դիրքորոշմանը: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 14-ին Լատվիայի ԱԳՆ պետական քարտուղար Անդրեյ Պիլդեգովիչի հետ հանդիպմանը:

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը նշել է, որ ՀՀ տեսակետն այս հարցում համահունչ է ԵՄ պաշտոնական դիրքորոշմանը: «Ինչպես Մինսկի խումբը, Եվրամիությունը, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունը հիմնախնդրի բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով կարգավորման կողմնակից է՝ երեք հայտնի սկզբունքների հիման վրա, մինչդեռ Ադրբեջանը, աղավաղելով իրականությունը, փորձեր է անում առանձնացնել տարածքային ամբողջականությունը: Տարակուսելի ու անհասկանալի է, որ ԵՄ անդամ որոշ երկրներ, այդ թվում Լատվիան, Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցության հռչակագիր են ստորագրել, որտեղ երեք հայտնի սկզբունքներից առանձնացվում է տարածքային ամբողջականությունը: Սա հակասում է թե՛ Մինսկի խմբի, թե՛ ԵՄ պաշտոնական դիրքորոշմանը, որը ևս մեկ անգամ հաստատեց ԵՄ-ն նոյեմբերի 24-ին»,-ասել է պարոն Շարմազանովը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լատվիական խորհրդարանական հարաբերությունների զարգացմանն ու Եվրամիության հետ Հայաստանի շարունակական փոխգործակցությանն առնչվող հարցեր:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն անդրադարձել է նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ ընդգծելով, որ այն նոր էջ է բացում ՀՀ-ԵՄ հարաբերությունների պատմության մեջ: Նրա խոսքով՝ Հայաստանը մշտապես հայտարարել է, որ ԵՄ-ի հետ սերտ համագործակցությունը երկրի առաջնային ուղղություններից է:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Պարոն Շարմազանովն անընդունելի է համարել Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանի փակումը՝ ընդգծելով, որ այդ պետությունը հետքայլ է կատարել Ցյուրիխյան արձանագրություններից և նախապայմաններ է դնում հարաբերությունների կարգավորման գործընթացում, ինչը ևս անընդունելի է, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Հունաստանի ԱԳՆ ղեկավար կազմի առջև իր ելույթում հայտարարել է, որ 2018-ի գարունը ՀՀ-ն կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների:

Շարմազանովի գլխավորած պատվիրակության կազմում էին ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը և Սուրեն Մանուկյանը: Հանդիպմանը ներկա է եղել Լատվիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը: