15 դեկտեմբերի 2017 - 12:37 AMT
ԱՄՆ փորձագետներն անտառային հրդեհների վերաբերյալ առաջարկություններ կանեն

ԱՄՆ փորձագետներնանտառային հրդեհների վերաբերյալ առաջարկությունների փաթեթ կներկայացնեն: Այդ մաիսն ասվել է ՀՀ ԱԻ նախարարությունում ամփոփիչ հանդիպում-քննարկման ժամանակ՝ նվիրված Խոսրովի և Արտավանի անտառներում տեղի ունեցած հրդեհների հետևանքների վերացմանը:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՄՆ անտառային ծառայության (ԱՄՆ ԱԾ) հրդեհների գնահատման փորձագիտական խմբի անդամները, ԱԻ նախարարության տարբեր ստորաբաժանումների, Բնապահապանության, Գյուղատնտեսության, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի և այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ:

ԱՄՆ ԱԾ հրդեհների գնահատման փորձագիտական խումբը Հայաստան է ժամանել՝ փորձագիտական աջակցություն ցուցաբերելու վերոնշյալ անտառներում տեղի ունեցած հրդեհների հետևանքների վերացման գործում, ինչպես նաև՝ օժանդակելու Հայաստանի՝ հրդեհների կառավարման կարողությունների զարգացմանը:

ԱՄՆ ԱԾ հրդեհների գծով մասնագետ Քրոֆթը ներկայացրել է ԱՄՆ-ի փորձը հրդեհների կառավարման ոլորտում՝ մասնավորապես ընդգծելով տարբեր շահագրգիռ կառույցների հաղորդակցության կարևորությունը: Նա առանձնացրել է 4 փուլ՝ պլանավորում, ուսուցում, հաղորդակցություն և աշխատանքային ուժ, որոնք մշտական բարելավման և կատարելագործման կարիք ունեն:

Նրա խոսքով՝ հաջողության հասնելու համար շատ էական է ոչ միայն քրտնաջան աշխատանքը, այլև՝ աշխատանքի իրականացման ուղիների խելամիտ մշակումը: Ըստ նրա՝ հաջողության գրավականներից են մինչև հրդեհն իրականացված նախապատրաստական աշխատանքները, տարբեր շահառուների հետ ձևավորված կապերն ու հարաբերությունները: Խոսելով 2017-ին ընթացքում Հայաստանում գրանցված հրրդեհների մասին՝ Քրոֆթը նշել է, որ նախնական արդյունքներն արդեն առկա են և համապատասխան մշակումից հետո վերջնական եզրակացությունն ու առաջարկություների փաթեթը կներկայացվեն բոլոր շահագրգիռ կողմերին, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

ԱՄՆ փորձագիտական խումբն առաջին անգամ Հայաստան էր այցելել սեպտեմբերի 7-14-ը, որի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել կազմակերպել ԱՄՆ ԱԾ ևս մեկ այց՝ ազգային կանխարգելիչ կարողությունների գնահատման և զարգացման նպատակով խորհրդատվության տրամադրման համար: