15 դեկտեմբերի 2017 - 13:05 AMT
10 ամսում 93 մլրդ դրամով ավելի հարկ է մուծվել

2017 թվականի հունվար-հոկտեմբերին հարկային եկամուտներն աճել են 93 մլրդ դրամով: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

ՀՀ ԿԱ ՊԵԿ խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունում հաշվառված հարկ վճարողների շրջանում ըստ գործունեության ոլորտների կատարված վերլուծության՝ 2017-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մոտ 17 մլրդ դրամ ընդհանուր գումարով նվազել են, մասնավորապես, կապի, շինարարության, կառուցապատման, կրթական ծրագրերի իրականացման, դեղերի ներմուծման, հրատարակչության և տպագրության, ոչ պարենային ապրանքների արտադրության և ճանապարհաշինարարության ոլորտներում գործող հարկ վճարողների հարկային եկամուտները:

Նվազումը հիմնականում պայմանավորված է մրցակցության պայմաններում առևտրային վերադիրների նվազմամբ և գերավճարների հաշվին պարտավորությունների մարմամբ:

Փոխարենը 2016-ի համեմատ, 2017-ի հունվար-հոկտեմբերին, 57 ոլորտում հարկային եկամուտներն աճել են 53,7 մլրդ դրամով: Աճ է գրանցվել, գլխավորապես, հանքարդյունահանման, սուպերմարկետների, ծառայությունների մատուցման, արտադրության, ներմուծման և առևտրի ոլորտներում:Եթե 502 հարկ վճարողի մոտ արձանագրված հարկային եկամուտների նվազման ընդհանուր գումարը կազմել է 56.2 մլրդ դրամ, ապա 584-ի մոտ հարկային եկամուտներն աճել են 93 մլրդ դրամով կամ 48,6%-ով: