15 դեկտեմբերի 2017 - 15:43 AMT
ՌԴ նախկին նախարար Ուլյուկաևը 8 տարով ազատազրկվել է

Մոսկվայի դատարանը ՌԴ տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաևին դատապարտել է 8 տարվա ազատազրկման խիստ ռեժիմով գաղութում, կաշառք վերցնելու համար:

Նա նաև տուգանվել է 130 մլն ռուբլով: Գաղութից ազատվելուց հետո նա չի կարողանա պաշտոններ զբաղեցնել պետական ծառայության մարմիններում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ուլյուկաևն արդեն կալանքի տակ է:

Նախկին նախարարը դատավճիռն անարդար է համարել և հայտարարել է, որ կշարունակի պայքարել: Պաշտպանությունը մտադիր է բողոքարկել դատավճիռը:

Ուլյուկաևը ՌԴ ժամանակակից պատմության մեջ առաջին դաշնային նախարարն է, որը դատապարտվել է կոռուպցիայի համար:

Ուլյուկաևը «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինից 2 մլն դոլար է պահանջել եզրակացության համար, որը թույլ կտար ընկերությանը գնել «Բաշնեֆտի» պետական փաթեթը: Նա կաշառքը ստացել է 2016-ի նոյեմբերի 14-ին: