Պաշտոնապես բացվել է Մեղրիի ազատ տնտեսական գոտին։ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վստահ է՝ ազատ տնտեսական գոտու գաղափարն արդարացնելու է իրեն։
«Ես չգիտեմ նման փորձ եղել է, թե չէ, բայց որ կարդարացվի՝ հաստատ, որովհետև ամեն ինչ տրամաբանական է», - Մեղրիում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետը, հայտնում է Aysor.am-ը։
Կարեն Կարապետյանը կատարված աշխատանքը գնահատել է լավ։
«Այն, ինչ որ սպասում էինք, ստացել ենք, գնահատում եմ լավ, բայց շատ-շատ փոքր բաժինն է, սկիզբն է, հիմա պետք է ամեն օր աշխատենք», - նշել է Կարապետյանը։
Անդրադառնալով այն հարցին, թե արդյունքները երբ են լինելու՝ վարչապետը պատասխանել է.«Արդյունքներն ամեն օր են լինելու»։
Մեղրիի Ազատ տնտեսական գոտին փուլերով է կառուցվում: Առաջին փուլում կառուցապատել է Մեղրիի մաքսակետին հարակից տարածքը՝ ապահովելով հիմնական արտադրական և պահեստային տարածքները, ինչը գոտում արտադրված ապրանքները կդարձնի ավելի մրցունակ այլ շուկաներ (մասնավորապես իրանական շուկա) մուտք գործելու համար։ Այն հարթակ կդառնա Արևմուտք-Արևելք և Հյուսիս-Հարավ կապերի ամրապնդման համար։