16 դեկտեմբերի 2017 - 11:40 AMT
Դանիան օրինականացրել է մարիխուանայի օգտագործումը բժշկական նպատակներով

Դանիայի խորհրդարանը մի շարք հիվանդություններով տառապող մարդկանց կողմից բժշկական նպատակներով մարիխուաննայի օգտագործումը թույլատրող որոշում է ընդունել: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, հայտարարել է երկրի առողջապահության նախարարությունը:

Որոշումն ուժի մեջ է մտնելու 2018 թվականի հունվարի 1-ից և գործելու է չորս տարի: Հետազոտողների խումբը պարբերաբար ուսումնասիրելու է մարիխուանայի կիրառման ազդեցությունը:

«Հունվարի 1-ից հիվանդները՝ մասնավորապես քրոնիկ ցավեր և քիմիաթերապիայից հետո սրտխառնոցներ ունեցողները կկարողանան ստանալ համապատասխան բժշկական նշանակումը: Որոշումը խորհրդարանում ընդունվել է միաձայն: Այժմ մենք կկարողանանք օգնել անտանելի ցավեր ունեցող հիվանդներին օրինական ճանապարհով», -ասել է երկրի առողջապահության նախարար Էլլեն Թրանե Նյորբին:

Կառավարությունն արդեն հստակեցրել է հիվանդների նախնական թիվը, որոնց թույլատրվել է մարիխուաննա օգտագործել: «Դանիայի Ռադիոյի» փոխանցմամբ, նրանց թիվը կազմում է մոտ 1500: