25 դեկտեմբերի 2017 - 18:01 AMT
Լապշին. Իմ ձերբակալության արդյունքում Արցախ այցելող զբոսաշրջիկների թիվը կրկնապատկվել է

7 ամիս ադրբեջանական բանտում անցկացրած ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր բլոգում գրել է, որ իր ձեռրբակալությունը կրկնապատկել է Արցախ այցելող զբոսաշրջիկների թիվը 2017 թվականին:

«Անցնող 2017-ն ինձ համար բարդ տարի էր, քանի որ մի քանի ամիս անցկացրել եմ ադրբեջանական բանտում Արցախ ուղևորությանս համար: Ես ստիպված էի ներքաշվել ադրբեջանական կեղտոտ կլանների պարզաբանումների մեջ, տեսնել ադրբեջանցիների ազգայնամոլությունն ու անհանդուրժողականությունը ոչ միայն հայերի նկատմամբ, այլ նաև այլադավանների», -գրում է Լապշինը:

Նրա խոսքով՝ չնայած օտարազգիների Արցախ այցելությունները օրինազանցություն ներկայացնելու Ադրբեջանի փորձերին, 2017-ին այստեղ այցելող զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա համեմատ գրեթե կրկնապատկվել է: «Այցելողների շրջանում մերձբալթյան երկրներից իմ բազմաթիվ ընկերն են, որոնք ֆիլմ են նկարահանել Արցախի մասին», -գրում է Լապշինը:

2016-ի դեկտեմբերին բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալել են Մինսկում Ադրբեջանի հարցումով, որտեղ նա ընդգրկված է «սև ցուցակում» ԼՂՀ այցելելու համար: ԼՂՀ այցելած անձանց համար մուտքն Ադրբեջան արգելված է: Այնուամենայնիվ, 2015-ի հունիսին Լապշինը մուտք է գործել Ադրբեջան Վրաստանի տարածքից ուկրաինական անձնագրով: Նրան հաջողվել է անցնել սահմանային հսկողությունը և հայտնվել Բաքվում, քանի որ ուկրաինական անձնագրում Ալեքսանդր անունը գրված էր «Օլեքսանդր»: Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի միջազգային հետախուզոմ էր հայտարարել «Պետական սահմանի մասին» օրենքը և երկրի միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՌԴ քաղաքացու արտահանձնումը երրորդ երկիր անթույլատրելի է: ՌԴ-ն ու Իսրայելը դեմ էին բլոգերի արտահանձնմանը, սակայն դիվանագետների ջանքերն արդյունք չտվեցին և փետրվարի 7-ին նա արտահանձնվեց Բաքու:Ադրբեջանական դատարանն ապրիլի 7-ին 3 ամսով երկարաձգել է Բաքվի հարցումով Մինսկում ձերբակալված և Ադրբեջանին արտահանձնված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանքը: