11 հունվարի 2018 - 18:14 AMT
ԱԺ հանձնաժողովը հաստատել է եզդիների ցեղասպանությունը դատապարտող նախագիծը

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել 2014 թվականի օգոստոսին Իրաքի հյուսիսում եզդիների նկատմամբ ահաբեկչական խմբավորումների կողմից իրականացված ցեղասպանությունը դատապարտող հայտարարության նախագծին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

«Նման հարցերը կարևոր են թե՛ մարդասիրական, թե՛ իրավական, թե՛ քաղաքական տեսակետներից: Լինելով ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, մենք լավագույնս ենք հասկանում մեր բարեկամ եզդի ժողովրդի վիշտը», -ասել է Աշոտյանը:

Նրա խոսքով, ԱԺ պատգամավորներ Ռուստամ Մախմուդյանի ու Վահրամ Բաղդասարյանի հետ միասին հայտարարության լրամշակված տարբերակ են պատրաստվում ներկայացնել: Նախաձեռնությանն ավելի վաղ միացել էին ԱԺ պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը, Նաիրա Զոհրաբյանը ,5-րդ գումարման պատգամավոր Թևան Պողոսյանը և այլն: