12 հունվարի 2018 - 13:46 AMT
Հայրապետյանը Մխիթարյանի ու Մոուրինյոյի հարաբերությունների մասին ավելին գիտի, բայց ոչինչ չի ասի

Հենրիխ Մխիթարյանն այնպիսի ֆուտբոլիստ է, որ եթե «Մանչեսթերում» նրա խաղը չստացվի, ցանկացած այլ ակումբում կարող է խաղալ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝ հավելելով, որ Մխիթարյանի հետ վերջին ժամանակաշրջանում չի հանդիպել։

Անդրադառնալով Հենրիխ Մխիթարյանի ու Ժոզե Մոուրինյոյի հարաբերություններին՝ նա ասել է. «Ես Հենրիխ Մխիթարյանի հետ շփվել եմ ազգային հավաքականի խաղի ժամանակ. այն ժամանակ նման պրոբլեմ չկար, այնքանով, ինչքանով դուք գիտեք, ես էլ այդքան գիտեմ», հայտնում է Aysor.am-ը:

Նա ընդգծել է՝ Մխիթարյանի ու Մոուրինյոյի հարաբերությունների մասին մի քիչ ավելին գիտի, բայց առայժմ չի պատրաստվում որևէ բան ասել։

«Առայժմ չեմ ուզում մեկնաբանել՝ ինչ է եղել, մարզիչի ու ֆուտբոլիստի հարաբերությունները կարող են և լավանալ, և վատանալ, պետք չէ մտնել նրանց հարաբերությունների մեջ», - ասաց նա։

ՀՖՖ նախագահը հավելել է եթե Մխիթարյանի խաղը «Մանչեսթերում» չստացվի, ցանկացած այլ ակումբում կարող է խաղալ։ «Նա չի կարող մնալ պահեստայինների նստարանին», - ասել է Հայրապետյանը։

Նա նշել, որ Մխիթարյանի տեղափոխման մասին քննարկումներ կան, բայց առայժմ հստակ որևէ բան չկա։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հավելել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ։

«Ես հրաժարական չեմ պատրաստվում տալ, միանգամից բոլորին հիասթափեցնեմ», - լրագրողների հետ ասուլիսի ժամանակ ասել է Ռուբեն Հայրապետյանը։