12 հունվարի 2018 - 16:15 AMT
Սերժ Սարգսյան. Մինչև մարտի 9-ն ԱԺ-ն պետք է ընտրի ՀՀ 4-րդ նախագահին

Մինչև 2018-ի մարտի 9-ը Ազգային ժողովը պետք է ընտրի Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահին, իսկ ապրիլի 9-ից հետո՝ վարչապետին: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, այս մասին ԱԺ ղեկավար կազմի հետ հանդիպմանը հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը:

«Իհարկե, ցանկալի է, որ հանրապետության նախագահը ընտրվի խարհրդարանական ընդարձակ համաձայնության պայմաններում»,- նշել է նախագահը:

Սերժ Սարգսյանն ասել է, որ մինչև այս տարվա մարտի 9-ը Ազգային ժողովը պետք է ընտրի նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամներին:

«Հաշվի առնելով նրան վերապահված լիազորությունները դատարանների և դատավորների անկախությունը երաշխավորելու գործում, այս մարմինը վճռորոշ նշանակություն է ունենալու մեր երկրի ապագայի համար», - ասել է նախագահը: