13 հունվարի 2018 - 12:32 AMT
ՌԴ ՆԳՆ աշխատակիցներին թույլատրել են հանգստանալ Հայաստանում

ՌԴ ներքին գործերի նախարարությունը թույլատրել է իր աշխատակիցներին հանգիստն անցկացնել արտասահմանյան 13 երկրում, այդ թվում՝ Հայաստանում: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան:

Այցելությունների համար թույլատրված ցանկին հավանություն է տվել ՌԴ ՆԳՆ ղեկավար Վլադիմիր Կոլոկոլցևը: Հայաստանից բացի այցելությունների համար թույլատրված երկրների ցանկում են Բելառուսը, Ղազախստանը, Ադրբեջանը, Վիետնամը, Ղրղզստանը, Չինաստանը, Կուբան, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, ինչպես նաև Աբխազիան և Հարավային Օսիան:

Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան իր հրապարակման մեջ նշում է, որ Հայաստանը պահանջված զբոսաշրջային ուղղություն է ՌԴ քաղաքացիների համար: Նշվում է նաև, որ ուղևորությունները դեպի Ղազախստան և Ղրղզստան շատ սահմանափակ են ներկայացված ռուսական շուկայում, իսկ Հարավային Օսիան և Տաջիկստանն ընդհանրապես ներկայացված չեն:

Ասոցիացիան նշում է, որ զարմանալի է Թուրքմենստանի առկայությունը ցուցակում, քանի որ ՌԴ քաղաքացիների համար վիզային ռեժիմ է գործում, որը ստանալը բավականին բարդ է, ուստի ՌԴ-ից Թուրքմենստան կազմակերպված զբոսաշրջային այցեր չեն իրականացվում:

ՆԳՆ աշխատակիցներին հանգստի համար թույլատրված երկրների ցանկը 2015-2016-ի համեմատ կրճատվել է: Ցանկից հանվել են Մարոկկոն, Թունիսը, Թայլանդը, Մյանման, Նիկարագուան, Թուրքիան և Եգիպտոսը: