Հոլիվուդյան աստղ Քևին Սփեյսին մեղադրվել է ռասիզմի մեջ: Meduza կայքի փոխանցմամբ, այս մասին գրում է բրիտանական Daily Mail-ը:
Նման մեղադրանք են ներկայացրել VIP Protective Services անվտանգության ընկերության ներկայացուցիչները, որոնք անվտանգություն են ապահովել «Քարտե տնակը» հեռուստասերիալի նկարահանումների ընթացքում:
Ընկերության ղեկավար Էռլ Բլյուն պատմել է, որ դերասանը հրաժարվել է սեղմել ընկերության սևամորթ աշխատակիցների ձեռքը, անվանել է նրանց «նեգր» և պահանջել հեռացնել նկարահանման հրապարակից:
«Երբ մենեջերը ցանկացավ ներկայացնել ինձ և իմ գործընկերոջը, Սփեյսին արհամարհական հայացքով նայեց մեզ, ապա շրջանցելով մեզ, բարևեց անվտանգության սպիտակամորթ աշխատակցին և հեռացավ»,- պատմում է Բլյուն:
Նրա խոսքով, դեպքերը տեղի են ունեցել դեռևս 2012 թվականին, սակայն նա որոշել է պատմել դրանց մասին հիմա:
Հաջորդ եթերաշրջանների համար պայմանագիրն ընկերության հետ չի երկարացվել: Ընկերության ղեկավարը մտադիր է դատի տալ դերասանին:
2017 թվականի հոկտեմբերին Netflix ընկերության «Քարտե տնակ» հեռուստասերիալի գլխավոր դերակատար Քևին Սփեյսին մեղադրվեց սեռական ոտնձգության մեջ: Այս սկանդալից հետո, ընկերությունը որոշեց դադարեցնել գործակցությունը դերասանի հետ և առանց նրա նկարահանել սերիալի վերջին եթերաշրջանը: