16 հունվարի 2018 - 15:51 AMT
Երթուղայինների վարորդները բողոքում են գազի գնի բարձրացման դեմ

Թիվ 1, 37, 44, 75ա երթուղիները սպասարկող երթուղային տաքսիների վարորդները Երևանի Հարավ-Արևմտյան թաղամասում բողոքի ակցիա են կազմակերպել։

Վարորդները կանգնեցրել են երթուղային տաքսիները և բողոքում են գազի գնի բարձրացման դեմ։

«Բողոքում ենք գազի թանկության դեմ, չենք կարողանում աշխատել։ Աշխատում ենք գծի տերերի համար, մեր ընտանիքներին չենք կարողանում պահել։ Արդեն մինուսով ենք աշխատում», - բողոքում են երթուղայինների վարորդները, հայտնում է Aysor.am-ը։

«Եթե նախկինում 250 ճնշումով գազի համար վճարում էինք 6000, հիմա 180 ճնշումով գազի համար վճարում ենք մոտ 9000 դրամ, չհաշված, որ պահեստամասերը թանկացել են, արհեստավորի աշխատանքը թանկացել է։ Եթե դրան գումարում ենք ակտերի գումարները, անհնար է դառնում աշխատել։ Փափուկ բարձ են դրել գլխներիս տակ, աշխատացնում են», - դժգոհել է վարորդներից մեկը։

Ակցիայի մասնակիցներին է մոտեցել Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը։ Վարորդներին առաջարկել է շարունակել աշխատել մինչև Ազգային ժողովում թանկացումների վերաբերյալ լսումները և բարձրացվի նաև այս հարցը։

Վարորդներն ասել են, որ օրական 15 700 դրամ «պլան» են մուծում, գծատերերը 300 դրամ զիջել են՝ հաշվի առնելով գազի գնի բարձրացումը։ «Պատրաստ ենք այսպես կանգնել այնքան, մինչև գազի գնի իջեցում լինի», - ասել են վարորդները։

Բողոքի ակցիան շարունակվում է։

Մինչդեռ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը հունվարի 16-ին հայտարարել է, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի իրականացրած հաշվարկները ցույց են տվել, որ վառելիքի, մասնավորապես բենզինի, գազի և դիզվառելիքի թանկացումը համահունչ է հունվարի մեկից ուժի մեջ մտած հարկային նոր օրենսգրքին: Նա հիշեցրել է, որ բենզինը թանկացել է 20, սեղմած գազը՝ 20, դիզվառելիքը՝ 60 դրամով: