16 հունվարի 2018 - 16:08 AMT
«Դիլիջան ազգային պարկում» ապօրինի ծառահատումներ են հայտնաբերվել. Պահպանման ռեժիմն ուժեղացված է

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում «Դիլիջան ազգային պարկի» պահպանման բաժնի աշխատակիցների կատարած շրջայցերի ու ստուգումների արդյունքում հայտնաբերվել է 3 անտառախախտման դեպք (ապօրինի 6 ծառահատում): Կազմվել է անտառխախտման արձանագրություն, որն ուղարկվել է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին` հետագա ընթացք տալու նպատակով:

«Պանտեռա Սիքյուրիթի» ՍՊԸ-ի պահնորդական ծառայության հետ համատեղ հատուկ հսկողությունը և շուրջօրյա հերթապահությունը շարունակվում է:

«Դիլիջան ազգային պարկի» տարածքում շարունակվում են բնակչությանը հողմատապալ ծառերից առաջացած վառելափայտի դուրս գրման և բաց թողման աշխատանքները, ինչի արդյունքում մեկ շաբաթվա ընթացքում իրացվել է 51,0 խ.մ փայտանյութ:

Հունվարի 13-ին «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Շամախյան տեղամաս» մասնաճյուղի 36 քառակուսու 10 անտառամասում՝ Դիլիջան-Վանաձոր ավտոմայրուղու սկզբնահատվածի հարևանությամբ, մոտավորապես 17:30-ին հրդեհ է բռնկվել: Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցել են Շամախյան տեղամաս մասնաճյուղի անտառապահները և ՀՀ ԱԻՆ Տավուշի մարզային փրկարար ծառայության մեկ մարտական հաշվարկ: Կրակն արագ տեղայնացվել է և մարվել: Կրակն ընդգրկել է 800 ք.մ տարածք: Ծառապատ հատվածները չեն վնասվել, այրվել է չոր խոտածածկը: