16 հունվարի 2018 - 16:24 AMT
Շուսթեր. Զիդանը խնդիրներ ունի Ռոնալդուի հետ

Հայտնի գերմանացի մարզական մասնագետ Բերնդ Շուսթերը կարծում է, որ ընթացիկ եթերաշրջանում Մադրիդի «Ռեալի» և նրա գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի առջև ծառացած խնդիրներից մեկը թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի խաղն է: Մադրիդյան ակումբը 4-րդն է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում առաջին շրջանից հետո:

«Վստահ եմ, որ Զիդանը որպես տարբերակ դիտարկում է Կրիշտիանուին պահուստայինների նստարանին նստեցնելը, սակայն, ինչպես դա նրան բացատրել: Դա այնքան էլ հեշտ չէ: Պետք է վերլուծել, թե որոնք են իրական խնդիրները: Բավարար չէ գոլերի քանակը: Եթե ակումբի լավագույն հարձակվողը ընդամենը 4 գոլի հեղինակ է դարձել, ապա դա խնդիր է: Դա հիմնարար խնդիր է»,-ասել է Շուսթերը, գրում է .sport.ru-ն ESPN վրա հղումով:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Կրիշտիանու Ռոնալդուն ուզում է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվել: Պորտուգալացին դժգոհ է «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսից, որը հրաժարվել է բարձրացնել նրա աշխատավարձը, չնայած տված խոստումներին:

Ռոնալդուն հանդես է գալիս «Ռեալում» 2009-ից: Այդ ընթացքում նա 2 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 2 անգամ հաղթել է երկրի գավաթի և սուպերգավաթի մրցաշարերում և 3 անգամ՝ Չեմպիոնների լիգայում: Դեկտեմբերի 7-ին պորտուգալացին ճանաչվել է 2017-ի լավագույն ֆուտբոլիստ, ստացել է իր կարիերայի 5-րդ «Ոսկե գնդակը»՝ այդ ցուցանիշով հավասարվելով Լիոննել Մեսսիին: