16 հունվարի 2018 - 16:41 AMT
Շաբոյան. Մաքսատուրքերի փոփոխությունն էապես չի ազդի լայն սպառման որոշ ապրանքների գնի վրա

2018 թվականին Հայաստանի համար ԵՏՄ միասնական մաքսատուրքերի փոփոխությունն էական ազդեցություն չի կարող ունենալ մի շարք լայն սպառման ապրանքների գնի վրա: Այդ մասին լրագրողների հետո հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:

«Խոսքը ընդհանուր առմամբ սոցիալական նշանակության 4-5 ապրանքի մասին է՝ կարագ, հավի միս, ձեթ, ձուկ և կաթնամթերք, որոնց մասով, նախ մեր երկիրը բավականին զարգացած տեղական արտադրություն ունի, ինչի հաշվին հիմնականում պահանջարկը բավարարվում է, և, ապա, այդ ապրանքների հիմնական մասը ներկրվում է հենց ԵՏՄ-ից և ոչ երրորդ երկրներից»,- նշել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Արտակ Շաբոյանը նշել է, որ Հայաստանում որոշ ապրանքատեսակներ էժանացել են։ Մասնավորապես, շաքարավազի գինը նվազել է 13.3 տոկսով. 1 կգ շաքարավազի գինը 392 դրամից դարձել է 339 դրամ:

«Մենք հետևում ենք և պարտադրում ենք բոլոր խոշոր տնտեսվարողներին, որ նրանց գնային քաղաքականությունը համահունչ լինի միջազգային շուկայում գների փոփոխություններին»,-ասել է ՏՄՊՊՀ նախագահը՝ հավելելով, որ միջազգային շուկայում էլ նվազել է շաքարավազի գինը:

Ըստ նրա՝ շաքարավազի գների նվազման վրա ազդեցություն է ունեցել նաև մրցակցության խորացումը. այս պահի դրությամբ շաքարավազ ներկրում է 56 տնտեսվարող. «Ճիշտ է նրանք շաքարավազ ներկրում են սեփական արտադրության մեջ օգտագործելու նպատակով, բայց դա նշանակում է, որ այս ոլորտում մուտքի խոչընդոտներ չկան»:

Արտակ Շաբոյանը հայտնել է նաև, որ 2017-ին նվազել են հավի մսի, ձեթի, ոսպի, ոլոռի, ալյուրի, հնդկաձավարի, կաթնամթերքի գները:

Շաբոյանը հայտարարել է նաև, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի իրականացրած հաշվարկները ցույց են տվել, որ վառելիքի, մասնավորապես բենզինի, գազի և դիզվառելիքի թանկացումը համահունչ է հունվարի մեկից ուժի մեջ մտած հարկային նոր օրենսգրքին։

Հունվարի 23-ին ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում «Առանձին ապարանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու լուծումներ» թեմայով խորհրդարանական լսումներ կանցկացվեն: