17 հունվարի 2018 - 11:19 AMT
Էրդողանը քննադատել է ընդդիմադիր գործչին Հայոց ցեղասպանությունն ընդունելու համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ընդդիմադիր քաղաքական գործչի գրառումը Twitter-ում Հայոց ցեղասպանության մասին նսեմացնում է թուրք ազգն ու պատմությունը: Խոսքը Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) Ստամբուլի նահանգային կառույցի նորընտիր նախագահ Ջանան Քաֆթանջըօղլուի թվիթերյան գրառումների մասին է, որոնք երկրում հանրային քննարկումների թեմա են դարձել:

«Ո՞ւմ ձեռքերում է մնացել Գազի Մուստաֆա Քեմալի կուսակցությունը: Նա, Հայոց ցեղասպանություն արտահայտությունը կիրառելով, նսեմացնում է մեր ազգն ու պատմությունը: Պետությանն էլ սերիական մարդասպան է անվանում: Ահաբեկչության ժամանակ մահացածների մեղքն էլ է պետության վրա դնում»,-ասել է Էրդողանը, հայտնում է Ermenihaber-ը թուրքական Dünya լրատվական կայքի վրա հղումով:

Էրդողանն անդրադարձել է նաև Գեզի զբոսայգու ցույցերի ժամանակ Քաֆթանջըօղլուի՝ ցուցարարներին աջակցող գրառմանը, դա սադրանք անվանելով:

Ըստ Էրդողանի, ԺՀԿ Ստամբուլի նահանգային կառույցի նախագահի պաշտոնում Քաֆթանջըօղլուի ընտրվելն իսկական «աղետ» է:

Քաֆթանջըօղլուն Հայոց ցեղասպանության մասին գրառումը կատարել էր 2012թ. ապրիլի 24-ին: Նա գրել էր. «Այսօր Հայոց ցեղասպանության օրն է: Մենք այսօր Թաքսիմում ոգեկոչում ենք կոտորված մեր հայ քաղաքացիների հիշատակը»: