17 հունվարի 2018 - 12:43 AMT
Ռուս մարզիկները զանգվածաբար «հիվանդացել են»՝ իմանալով դոպինգ հսկողության մասին

Իրկուտսկում ռուսաստանցի 36 մարզիկ չի ներկայացել մրցմանը՝ իմանալով, որ խթանիչների առկայության ստուգում է իրականացվելու: Դեպքը տեղի է ունեցել հունվարի 13-14-ը թեթև աթլետիկայի Սիբիրի դաշնային շրջանի առաջնության ժամանակ, գրում է Championat.com-ը:

Իրկուտսկում անսպասելի հայտնվել է «Ռուսադա» դոպինգ հսկողությունը և ավելի քան 30 մարզիկ հայտարարել է, որ հիվանդ է և չի ներկայացել մեկնարկին՝ դրանով իսկ խուսափելով դոպինգի ստուգման համար անհրաժեշտ հետազոտությունից: Նշվում է, որ «ներկաներին հատկապես հիասթափեցրել է հայտնի վազորդ Նատալյա Արիստարխովայի բացակայությունը»: Վերջինս ֆանտաստիկ արդյունք էր ցույց տվել Կրասնոյարսկի երկրամասի բուհերի առաջնության ժամանակ՝ 3000մ անցնելով 9.06,1 վայրկյանում:

Խթանիչների առկայության ստուգումից փորձել է խուսափել 11 մեծահասակ մարզիկ, մինչև 23 տարեկան 4 պատանի, մինչև 20 տարեկան 14 պատանի և մինչև 18 տարեկան 7 մարզիկ:

2017-ի սկզբին Օրենբուրգում տեղի ունեցավ Թեթև աթլետիկայի համառուսական ֆեդերացիայի ձմեռային մրցաշարի հերթական փուլը, որը համարվում է վազքի ՌԴ առաջնություն: Երբ հայտնի դարձավ, որ մրցաշարին ներկա են լինելու դոպինգ-սպաներ, սկսվեց արդեն հայտագրված մարզիկների խուճապահար փախուստը: Նախապես հայտագրված մարզիկների կեսից ավելին ուղղակի չներկայացավ մրցման: